«ԱԹԼԵՏԻԿ»-«ԲԱՐՍԵԼՈՆ»` 1:2
Անցած տարի Իսպանիայի սուպերգավաթում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած պարտությունը, ինչպես երևում է, շատ ծանր է ազդել «Բարսելոնի» բարոյահոգեբանական վիճակի վրա: Օրեր առաջ դա արտահայտվեց լա լիգայում տարած 6:0 հաղթանակի տեսքով, իսկ օրեր անց, Իսպանիայի գավաթի մեկ քառորդի առաջին խաղում, որտեղ տանտերն այս անգամ բիլբաոցիներն էին: Մեսիի թեթև վնասվածքն ավելի չխորացնելու համար Լուիս Էնրիկեն նրան ընդհանրապես չէր հայտավորել, ինչը, սակայն, բնավ չազդեց «Բարսելոնի» հաղթական տրամադրվածության վրա, որքան էլ տանտերերը փորձեցին ճակատ ճակատի տալ: Պատասխան խաղում ինտրիգը վերջնականապես կարելի էր մարված համարել կապտանռնագույնների երկու գոլից հետո, եթե չլիներ խաղավարտից մեկ րոպե առաջ նրանց դարպասի գրավումը, սակայն, հաշվի առնելով բասկերի մարտական բնավորությունը, եկեք հանդիպման ելքը վերջնականապես չվերջակետենք, թեպետ մյուս կողմից էլ անհնար է պատկերացնել, թե այդ ի՜նչ երջանիկ անհոգություն պիտի իջնի բարսելոնցիների վրա, որ «Աթլետիկը» «Կամպ Նոուում» հասնի իր համար ցանկալի արդյունքի:
Իսպանիայի գավաթի օրվա հաջորդ խաղում առաջնության առաջատարը` «Աթլետիկոն», չկարողացավ հաղթահարել «Սելտայի» դիմադրությունը (0:0)` հարաբերությունների վերջնական պարզեցումը թողնելով մադրիդյան հանդիպման վրա՝ հունվարի 27-ին:
«ԼԱՑԻՈ»-«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»` 0:1
Սկուդետեում տասն անընդմեջ հաղթանակի գրաֆիկով շարժվող «ծեր սինյորան» ոչ միայն թիրախ է վերցրել երկրի չեմպիոնությունը (առայժմ երկրորդ տեղում է ընթանում` «Նապոլիին» զիջելով երկու միավորով), այլև գավաթը: «Լացիոյի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը նրա առաջ բացեց գավաթի կիսաեզրափակչի դռները, որտեղ մրցակիցն է «Նապոլիին» նրա իսկ դաշտում լուսանցք հանած «Ինտերը»:
«ԼԵՍՏԵՐ»-«ՏՈՏԵՆՀԵՄ»` 0:2
Անգլիայի գավաթային կենացները դեռ չեն էլ հասցրել կարգին քաղցրանալ, քանի որ ընդամենը 1/32-ի խաղերն են ընթանում: Եվ այնուամենայնիվ ընթերցողին ներկայացնելու բան կա: Կողմերի առաջին հանդիպումում «Լեստերն» ու «Տոտենհեմը» խաղաղասիրաբար էին բաժանվել, թեպետ 2:2 հաշվով ավարտված խաղը սկզբունքորեն այդպիսին չես կարող անվանել: Երկրորդում, որտեղ «Տոտենհեմը» հյուրի կարգավիճակում էր, տանտեր «աղվեսների» համար ամեն ինչ ծանր դասավորվեց: 2:0 հաշվով հաղթանակը «Տոտենհեմին» տվեց 1/16-ում հանդես գալու իրավունք:
«ԼԻՎԵՐՊՈՒԼ»-«ԷԿՍԵՏԵՐ ՍԻԹԻ»` 3:0
ՈՒ քանի որ ամեն հեքիաթ այս աշխարհում իր անխուսափ ավարտն է ունենում, ավարտվեց և «Էկսետեր» հեքիաթը: Առաջին հանդիպման 2:2-ին «Լիվերպուլը» հարազատ «Էնֆիլդում» պատասխանեց երեք անպատասխան գնդակով, որոնցից երկուսը փոխարինողների կազմում հանդես եկողների ակտիվում է, ինչն էլ Կլոպին հետխաղյա մամլո ասուլիսում հնարավորություն է տվել ասելու, որ թիմին անհրաժեշտ է երիտասարդ կադրերին պահել փամփշտակալում, ոչ թե հանել վարձավճարով հանդես գալու հարկադիր քայլի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ